Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հունվարի 30-ին տեղի է ունեցել շատ հետաքրքիր հանդիպում-ցերեկույթ նվիրված բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի լրագրողների միության անդամ, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևայի հետ՝ նվիրված ծննդյան 60-ամյակին: Միջոցառումն իրականացվել էր գրքօջախի նախաձեռնությամբ:

Միջոցառման ընթացքում գեղեցիկ ու հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ սիրված երգիչ, երգահան ազատամարտիկ Գուսան Հայկազունը: Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Ցվետանա Պասկալևային նվիրված ու նրա Արցախյան գոյամարտի մասին ֆիլմերը: Վերջում ելույթ ունեցավ Ցվետանա Պասկալևան իր երախտիքի խոսքերն ուղղելով բոլոր մասնակիցներին ու միջոցառման կազմակերպիչներին: Իր խոսքում նա ասաց․

«Երբ մեկ ամսով մեկնում եմ Հայաստանից, կարծես որբացած լինեմ, արագ ետ եմ վերադառնում, սա իմ տունն է, ես այստեղի զավակ եմ։

Երբ ես եկա Հայաստան, իսկ այնուհետև Արցախ, լուսաբանելու ու ներկայացնելու այդ անվերջ թվացող պայքարը հասկացա, որ այդ օրերին միջազգային մամուլը մեծ դժվարությամբ էր ներկայացնում գոյամարտը: Եվ որպես կին ինձ համար բավականին դժվար էր տեսախցիկով նկարահանելու այդ տեսարանները: Առանց զենքի չէի կարող անցնել այդ դժվար ու անվերջ թվացող մարտի դաշտի միջով։ Ես հպարտ եմ նրանով, որ բուլղարացի եմ: Սրտանց ձեզ հետ եմ ու հոգով նվիրված ձեր ժողովրդին: Ես այնքան եմ լավ զգում ձեր մոտ, քան մնացած այլ երկրներում, որտեղ որ ճանապարհորդել եմ»:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ և այլք։

Բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների լրագրողների միության անդամ, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևան ծնվել է 1960թ-ի հունվարի 22-ին Բուլղարիայի Հանրապետության Սլիվենի մարզի Նովա Զագորա քաղաքում: 1984թ-ին ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը։ Պասկալեւան առաջին անգամ Հայաստան է եկել 1991թ-ին` իր կինոխցիկով վավերագրելու այդ օրերին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություննեերը:

Պասկալևան ասում է, որ եկել էր մի քանի օրով, հետո որոշեց մնալ մեկ ամիս, հետո` չորս ամիս, սակայն այդպես էլ չմեկնեց Հայաստանից: Առաջին տարիներին անընդմեջ Ղարաբաղում էր` բնակավայրերում, հոսպիտալներում և խրամատներում նկարահանում էր ամեն ինչ: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նրա նկարահանած ֆիլմերը` որպես վավերագրական նյութեր, պատմում էին այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում: 1991-1994թթ-ին աշխատել է Արցախում, Գետաշենում, Շահումյանում լուսաբանել արցախյան հերոսամարտը, Արցախի խնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։ Նա առաջին օտարերկրացի լրագրողն է, ով լուսաբանել և պայքարել է հայերի զանգվածային տեղահանությունների և նրանց հանդեպ ազերիների կողմից կիրառվող վայրագությունների մասին:

Նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված վեց վավերագրական ֆիլմ (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբ, որոնք արժանացել են մի շարք մրցանակների՝ Ժնևի (1992), Հոլիվուդի (1993), Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոներում։ 1993-1994թթ-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։1995-1997թթ-ին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001թթ-ին՝ Հայաստանի և ԱՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային, հրապարակախոսավերլուծական հաղորդաշարերը։ 2014թ-ից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը։ 2001թ-ին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։ Նկարահանել է «Բարձունքներ, հույսեր» («Высоты, надежды», Vysoty, nadezhdy, Heights, hopes, 1991),«Կլինի՞ արդյոք առավոտ Ղարաբաղի վրա» («Будет ли утро над Карабахом?», Will there be a morning over Karabakh, 1992),«Իմ թանկագին ողջեր և մեռածներ» («Дорогие мои, живые и мертвые», My dear, alive and dead, 1993), «Ղարաբաղի վերքերը» («Раны Карабаха», Rany Karabakha, Wounds of Karabakh, 1994), «Մայր հողի զինվորները» («Солдаты своей земли», Soldaty swoey zemli, The soldiers of their land, 1994),«Լռություն» («Затишье», Zatish'e, Calm, 1995), «Հավատ և ոգի» («Вера и дух», Vera i dukh, Faith and spirit, 2001) ֆիլմերը:

Եվ ահա այդ թվով 7 ֆիլմերը` 6 լեզուներով, ամփոփել է երկու տեսասկավառակներում, որոնք 1000 օրինակով թողարկել է Հայկական երաժշտական կենտրոնը` Պաշտպանության նախարարության օժանդակությամբ և հովանավորությամբ: Արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական պարգևների,դրանք են՝ 1993 Արցախի գրողների միության «Եղիշե» մրցանակ,1994 Annual Columbus International Film & Video Festival's bronze plaque, Արցախի բանակի գնդապետ 1996 ՀՀ Արիության մեդալ, 2009 ՀԲԸՄ Կարպիս Փափազյան մրցանակ 2009 Մովսես Խորենացու մեդալ, Երախտագիտության մեդալ (2015): Պասկալեւան Հայաստանում է ապրում արդեն գրեթե 29 տարի, երբեք չի հեռացել Հայաստանից ու մտադիր էլ չէ։ Սպասում է, որ տեսնի Արցախի հաղթանակը, վերջնական հաղթանակը։