Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք, նրա խոսքով, հաստատում են դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:

Պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց.

«Դուք արել եք այն, ինչ որ Հայաստանի իրավական համակարգի պրակտիկայում տեղ չէր ունեցել, զրկեցիք պաշտպանական կողմին դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից այն դեպքում, երբ խոսքը հենց վերաբերում էր պաշտպանական կողմին, նույնիսկ ձեզ հետաքրքիր էլ չէր պաշտպանական կողմի դիրքորոշումը»:

Հովհաննես Խուդոյանի խոսքով, այն դատարանը, որի գործողություններն արդեն իսկ բացահայտ կերպով ցուցադրել են հակակրանքը, չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավախախտմանը վերաբերող գործի քննության ընթացքում:

«Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը ոչ միայն խիստ վերաբերում է իմ վստահորդի շահերին, նաև ներկայացնում է ընդհանուր հանրային շահ: Խոսում ենք մի բողոքի մասին, որի շրջանակներում պարզ է դառնալու՝ արդյոք Հայաստանն ի դեմս դատախազության, Հատուկ քննչական ծառայության, դատարանների, շահագրգռված է «Մարտի 1»-ով իրականացնել ամբողջական և բազմակողմանի քննություն, թե այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- հայտարարեց Խուդոյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ հիմք, որոնք նախատեսված կլինեն Քրեական դատավարության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, չի տեսնում, հետաևաբար առարկում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ: