Հայաստանի անտառների վարձակալների պատմությունները։

Ներկայացնում ենք Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալներին։ Նրանք են՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Ծաղկաձորի քաղաքապետի ազգականը, Հրազդանի անտառտնտեսության ղեկավար Արտաշ Հունանյանը, Հայաստանի երկաթուղու նախկին ղեկավարի կինը և այլք։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

2006թ․ մարտի 3-ին Հայաստանում հայտարարվեց «Միասնության ծառատունկ-2006» ծրագրի մասին։ Նախաձեռնել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը՝ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։ Դա նշանակում էր, որ հանրապետությունում տնկվելու էր 3 մլն 200 հազար ծառ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան բնակչություն ուներ Հայաստանն այդ ժամանակ։

Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալությունները սկսվել են հենց այդ տարվանից։ Ծառատունկին տնկիներ մատակարարելու նպատակով 3 նույնաչափ հողակտորներ են վարձակալել Ծաղկաձորի մուտքի մոտ՝ Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի գլխավոր գրանսենյակի դիմաց։

Ինչպես գրում է Հետք-ը՝ այդ հողակտորներից ճանապարհին հարակից անտառային հողակտորի նկատմամբ վարձակալության իրավունք է գրանցել գործարար Սամվել Մայրապետյանը, ով ճանապարհի մյուս կողմում էլ անտառային հող էր սեփականաշնորհել

Սամվել Մայրապետյանը 2006թ-ի դեկտեմբերին վարձակալել է 1 հա անտառային հող: 120 հազար դրամ տարեկան վարձավճար է տալիս: Սկզբի տարիներին Մայրապետյանը տնկիներ է աճեցրել, սակայն վերջին տարիներին չի զբաղվել վարձակալած անտառային հողակտորով։

Այդ նույն նպատակով Սամվել Մայրապետյանի հողի հարևանությամբ 2006թ. դեկտեմբերին 1 հա անտառային տարածք է վարձակալել «Հայանտառի» նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը: Նույնպես տարեկան 120 հազար դրամ վարձավճար է տալիս և այսօր տարածքում գործունեություն չի ծավալում։

Երրորդ 1 հա հողակտորը վարձակալել է Արտաշ Հունանյանը, «Հրազդանի» անտառտնտեսության գործող տնօրենը, ով իր պաշտոնը ստանձնել է նույն՝ 2006թ-ին։ Վարձավճարը կրկին տարեկան 120 հազար է սահմանված։

Ծաղկաձորի անտառների ամենամեծ վարձակալը

Ծաղկաձորի անտառների ամենամեծ վարձակալը Լաուրա Եփրեմյանն է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը։ Տիկին Եփրեմյանը 2010թ․ ապրիլին 9,4 հա անտառ է վարձակալել, որի դիմաց վճարում է տարեկան 471 հազար դրամ։ Լ․ Եփրեմյանի պայմանագիրը անտառվերականգնման նպատակներով է, սակայն նրա վարձակալած տարածքը Խաչատրյանների ծաղկաձորյան առանձնատան հարակից է և պարսպաատված է։ Այս առանձնատան ու վարձակալած անտառի մի հատվածին «Հետք»-ն անդրադարձել է։

Սակայն, բացի դրանից, նրանց առանձնատան հարակից մեկ այլ հատված էլ Խաչատրյանները վարձակալել են «Լուչե Վերդե» ՍՊԸ-ի անվամբ։ 7,9 հա էլ այս ընկերությամբ է վարձակալություն ձևակերպված, որի դիմաց վարձավճարը 395 հազար դրամ է։ «Լուչե Վերդե» ընկերության հիմնադիր և տնօրեն հանդես է գալիս Արմեն Նազարյանը։ Վերջինս Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է և ներգրավված է նրա ընտանիքին պատկանող մի շարք այլ բիզնեսներում, մասնավորապես՝ «Մեգակոնցեռն» ՍՊԸ-ին, «Յուքոմ» ՍՊԸ-ին, «Մարի Թամրազյան» ՍՊԸ-ին և մի քանի այլ ընկերություններում։

Անտառտնտեսության աշխատակիցների և մասնավորապես, «Հրազդանի» անտառտնտեսության տնօրենի հետ այցելել ենք բոլոր վարձակալած տարածքներ։ Միայն Գագիկ Խաչատրյանների տարածքի այն հատվածը, որտեղ իբրև անտառտնկման աշխատանքներ էին իրականացվել, մեզ թույլ չտվեցին մուտք գործել։

Խաչատրյանների վարձակալած տարածքն ամբողջովին պարսպապատ է։ Վերևի հատվածի դարպասը պահակը բացեց, որպեսզի տեսնենք՝ ինչ վիճակում է այն։ Սակայն երբ ցանկացանք տեսնել տնկված ծառերը, պահակը հեռախոսազանգով ճշտումներ անելուց հետո մեզ հորդորեց դուրս գալ տարածքից։ Մենք պնդեցինք, որ ուզում ենք ընդամենը տեսնել պետական անտառում տնկված ծառերը, քանի որ պայմանագրի նպատակ նշվում են անտառվերականգնումն ու անտառտնկումը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեզ ուղեկցնում էր «Հրազդանի» անտառտնտեսության տնօրենը և անտառտնտեսության աշխատակիցը, նրանց մուտքը, փաստորեն, ևս արգելվեց։ Նախ՝ փաստաբանը հեռախոսով բացատրեց, որ առանց իրենց ներկայացուցչի ներս չմտնենք, հետո խոստացավ, որ մեկ ուրիշ օր ներկայացուցիչը կգա և մենք կկարողանանք մուտք գործել տարածք։ Սակայն մեր փորձերը՝ մեկ ուրիշ օր նորից այց կատարել՝ Խաչատրյանների ներկայացուցիչներից մեկի հետ, չհաջողվեց։ Այդպես էլ չկարողացանք տեսնել, թե ինչ ծավալի և ինչ տեսակի ծառեր են տնկվել Խաչատրյանների վարձակալած տարածքներում։

2007թ. Ծաղկաձորում` իրենց տան հարակից 0,6 հա անտառային տարածքի վարձակալ է Անահիտ Խրիմյանը: Չնայած Անահիտ Խրիմյանի տարածքն առաջին եռյակ վարձակալների կեսն է, բայց վերջինս 3 անգամ ավելի շատ վարձ է տալիս դրա դիմաց` 360 հազար դրամ: Իրականում Անահիտ Խրիմյանի վարձակալության իրավունքը ձեռք է բերել ամուսնու մահից հետո։ Տիկին Խրիմյանը 1995-1999թթ-ին Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև տրանսպորտի նախարարության պաշտոնյա Արարատ Խրիմյանի այրին է։

Արարատ Խրիմյանը պատգամավոր լինելուց հետո՝ 2000թ. նշանակվել է Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու դեպարտամենտի պետ, ապա տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-երկաթուղու դեպարտամենտի պետ, իսկ 2002թ-ին` տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն: 2004թ-ի ապրիլից մինչև 2008թ-ի հունիսը Խրիմյանը «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր: Իսկ 2008թ-ի կեսերից մինչև իր կյանքի վերջը՝ 2012թ․ սեպտեմբերը, նա «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի խորհրդականն էր:

Ծաղկաձորի քաղաքապետի հարազատները նույնպես վարձակալ են։

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հորեղբոր որդին՝ Սեյրան Հարությունյանը, վերջին տարիների վարձակալներից է: Սեյրան Հարությունը լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչն է, իսկ Արթուր Հարությունը մինչ օրս Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։ Սեյրան Հարությունյանը 2017թ․-ին 0,6 հա անտառային տարածք է վարձակալել արդեն թանկացված արժեքով՝ 448 հազար դրամ տարեկան վարձավճարով։ Տարածքը գտնվում է «Էլեգանտ» համալիրի դիմացի մայթին։ Վարձակալը նպատակ է ունեցել սահելու երթուղի կառուցել։ Մինչ օրս այն կառուցված չէ։

Ծաղկաձորում ևս չորս վարձակալներ կան, որոնք որևէ կերպ չեն օգտագործել իրենց վարձակալած տարածքները: Խաչատրյանների առանձնատան ճանապարհին, Սպորտբազայի մոտակայքում, 2009թ.-ին 1,74 հա անտառային տարածք է վարձակալել Խորեն Սարգսյանը: Տարեկան վարձավճարը 432 հազար դրամ է: Խորեն Սարգսյանը Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղից է։

2009թ-ին 0.15 հա վարձակալած Վարդան Եղիազարյանը չի օգտագործել իր տարածքը, դրա դիմաց, սակայն, վճարել է տարեկան 60 հազար դրամ: Այժմ լուծարված է: Վարդան Եղիազարյանի հարևանությամբ 2010-ին 0, 07 հա վարձակալել է Գոռ Գալստյանը` 55 հազար դրամի դիմաց: Նույնպես չի օգտագործում տարածքը: Սուքիասյանների «Նոյ» հանգստյան տան հարակից անտառում 2008թ-ին 0,01 հա տարածք է վարձակալել Ժիրիկ Վարդանյանը, 60 հազար դրամ տարեկան վարձավճարով: Չի օգտագործում այն:

Նշենք, որ կառավարության 2010թ-ի 668-Ն որոշմամբ սահմանվել է անտառային հողերի վարձավճարների նվազագույն չափը, որին մինչ օրս չեն համապատասխանեցրել գործող վարձակալների վարձավճարները։ Ըստ որոշման սահմանված գների, Կոտայքի մարզում մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործուման վճարը 1 տարվա և 1 հեկտարի համար սահմանվել է 771 հազար դրամ, կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման համար՝ 385 հազար դրամ, իսկ գիտական նպատակով՝ 32 հազար դրամ։