Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանը, փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգերի գծով խորհրդատու Մարինե Անտոնյանը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժնից։

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունել է հյուրերին և նշել, որ Ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջև առկա գործընկերային հարաբերությունները բավական արդյունավետ են, և այդ համագործակցության արդյունքում մշակված դասընթացը կիրառվում է Ակադեմիայի կողմից անցկացվող հեռաուսուցման շրջանակում:

Ռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները և համագործակցության հնարավոր հեռանկարները, ընդ որում ոչ միայն հեռավար, այլև առկա ուսուցման շրջանակներում:

Աննա-Կարին Օստը նշել է, որ դեռևս 2016թ-ին ստորագրված համագործակցության հուշագրի հիմքով Ակադեմիան և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունն արդունավետ համագործակցում են, և այսօր էլ պատրաստ են շարունակել և զարգացնել գործակցությունը՝ Ակադեմիայում համապատասխան դասընթացների մշակման, նաև դասընթացավարների վերապատրաստման առումներով: Կողմերը քննարկեցին Ակադեմիայում համատեղ սեմինարներ անցկացնելու հնարավորությունը՝ տարբեր թիրախային խմբերի ներգրավմամբ:

Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային պայմաններին, եղան գրադարանում, հյուրանոցում, լսարաններում։