Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի 2020թ-ի առաջին նիստը:

Խորհուրդը հաստատել է Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2020թ-ի ուսուցման ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության ակադեմիայի հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ միաձայն ընտրել են Կառավարման խորհրդի նախագահ՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:

Վերջին մեկ տարում Կառավարման խորհուրդը նախագահում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի» մասին ՀՀ օրենքով նախատեսված կարգով, իսկ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն կարգով: