Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը, Լանջիկ-Մաստարա (տեսանելիությունը՝ 100 մ, բուք, մառախուղ և ձյուն) և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):

Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ և բուք), Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի (բացառությամբ՝ Աբովյան և Եղվարդ քաղաքների) մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: