Գառնիի մարզամշակութային կենտրոնի գրադարանում՝ կարմիր ժապավենով առանձնացված հատվածում, այսուհետ ֆրանկոֆոնիայի անկյունն է գործելու: Կենտրոնի տնօրեն Մետաքսե Պետրոսյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն հունվարի 30-ին կարմիր ժապավենը կտրելով՝ ազդարարեցին ֆրանկոֆոնիայի անկյան բացումը:

Գրապահարանում դասավորված ժամանակակից ֆրանսալեզու գրականությունը, ճանաչողական ամսագրերը, ուսումնական տեսաֆիլմերը, տպիչն ու լուսանկարչական ապարատը դեսպանատան առաջին նվերներն էին Գառնի համայնքին: Դեսպանը խոստացավ Ֆրանկոֆոնիայի անկյունը պարբերաբար համալրել նոր գրականությամբ: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Գառնիի դպրոցներում Ֆրանսերեն լեզուն ավանդաբար դասավանդվել է և շարունակում է մնալ դասավանդվող հիմնական օտար լեզուն: Ուսուցչուհիների աջակցությամբ դպրոցականները և մարզամշակութային կենտրոնի սաները գեղեցիկ կատարումներ էին պատրաստել. Ֆրանսիական երաժշտության ներքո նրանք հանդես եկան պարային յուրօրինակ բեմականացված կատարումներով, հնչեցրին ֆրանսիացի և հայ պոետների ստեղծագործություններն ու երգերը: