Երևանի Կարմիր կամուրջը Հրազդան գետի վրա ու Սարդարի պալատը։

Կարմիր կամուրջը դարեր շարունակ կապել է Երևանը Էջմիածնի և Արարատյան դաշտավայրի հետ։ Այն վերակառուցվել է 1679թ-ին՝ երկրաշարժից հետո՝ քանաքեռցի հայ բարեգործ, մեծահարուստ Խոջա Փիլավի հովանավորությամբ, այդ իսկ պատճառով էլ անվանել են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու պատճառով: Այս մասին գրառում է կատարվել Երևանյան պատմություններ ֆեյսբուքյան էջում։

Լուսանկարը, որի հեղինակը հավանաբար Դմիտրի Երմակովն է, արված է մոտավորապես ներկայիս Հաղթանակի կամրջի տեղանքից՝ ուղղությունը դեպի Նոյ գինու-կոնյակի գործարան, որտեղ գտնվել է Երևանի բերդը:

Իսկ Սարդարի պալատը եղել է Երևանի խանության սարդարի նստավայրը։ Գտնվել է Հրազդան գետի ձախ ափին։ Սարդարի պալատը Երևանում կառուցված ամենաճոխ կառույցն էր։ Այն ունեցել է չինական ճենապակուց պատրաստված հոյակապ հայելապատ սրահ, որի չորս կողմերում կային բազմաթիվ որմնանկարներ, իսկ մուտքի մոտ՝ մարմարակերտ շատրվան։ Պալատն ամբողջությամբ ավերվել է 1914 թվականին։