Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է իրականացրել: Դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր: Այս մասին տեղեկացնում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարել է անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի ունեցել, և միջոցառումներ ձեռնարկել: Այս դեպքում նախաձեռնվել է հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայում», - նշել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:

Ծրագրի շրջանակում նախորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կահավորվել է 7 հետիոտնային անցում: Ծրագրի ծավալները 2020-ին զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտների միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:

Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների: Գաղափարը Բյուզանդ Բաղդասարյանինն է: Նրա առաջարկը կյանքի կկոչվի Երևանի քաղաքապետի նախաձեռնած «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ, ասել է Բյուզանդ Բաղդասարյանը: