Նորաշենիկ գետը կրկին տարօրինակ կապտավուն երանգ է ստացել և փրփրառատ տեսք
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից Նորաշենիկ գետը կրկին գունափոխվել է՝ դառնալով փրփրառատ և կապտաթույր: Սա երևում է կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանի՝ «Հետքին» ուղարկած տեսանյութում:
Փարսադանյանը հայտնել է, որ այս մասին տեղեկացրել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնին, որի աշխատակիցները կատարել են պարզվածքի նմուշառում: Դեպքի վայր են գնացել նաև ԶՊՄԿ-ի ու ոստիկանության աշխատակիցները: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Ըստ Ա. Փարսադանյանի՝ լաբորատոր փորձաքննությունից հետո միայն հստակ կլինի՝ պոչամբարից դուրս եկող եւ Նորաշենիկ թափվող պարզվածքում արդյոք գերազանցվել է ծանր մետաղների կամ այլ նյութերի սահմանային թույլատրելի խտությունը, թե ոչ: Այդուհանդերձ, բնապահպանն ասում է, թե հիմնավոր կասկածներ ունի, որ գետը լրջորեն աղտոտվել է:
«Հետքի» զրուցակցի կարծիքով՝ նման իրավիճակներից խուսափելու համար պետք է փոխել օրենսդրական դաշտը՝ խիստ բնապահպանական չափորոշիչներ սահմանելով ու նոր տեխնոլոգիաներ կիրառելու պահանջներ դնելով հանքարդյունաբերող ընկերությունների առաջ: