Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը հիշեցրել է, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով և նախ քննարկման առարկա է դարձրել պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ նախորդ դատական նիստին իր չներկայանալը կարծիքն արտահայտելու միակ ձևն է եղել, որը դատավորն իրեն թողել էր, Ալումյանը հիշեցրել է, որ տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում հնչեցրել է արտահայտություն, որն իրենց՝ պաշտպանների համար պարզ չի եղել, և դատարանը, փոխանակ պարզելու այդ արտահայտության իմաստը, նպատակը, դիտողություն է արել պաշտպաններին, որոնք ցանկացել են ստանալ վերը նշվածի պատասխանը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը, պաշտպանների միջնորդություններից մեկին առարկելով, ասել է. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»: Ալումյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հնչած արտահայտությունից միայն երկու շաբաթ անց՝ նախորդ դատական նիստի ընթացքում է փորձել հասկանալ այդ արտահայտության նպատակը, և այժմ, նիստին ներկայանալով՝ իրենք հնարավորություն են տալիս դատավորին։

Պաշտպան Արամ Օրբելյանը նշել է, որ իր անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով չի ներկայացել, որովհետև դատական նիստի ընթացքում սպառնալիք է հնչել։ Ռուբեն Սահակյանը հավելեց, որ Էդիկ Հարությունյանի խոսքը որպես պառնալիք է ընդունել նաև տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը, քանի որ այդ արտահայտությունից հետո վերջինս շարունակ կրկնում էր, թե դա եղել է լեզվի սայթաքում։

Հովհաննես Խուդոյանը նշել է, որ ինքը չի ներկայացել, որովեհետև տեղյակ չի եղել, որ տեղի է ունենալու դատական նիստ։ Խուդոյանը, սակայն նկատի չուներ, թե նիստի օրվա և ժամի մասին չի ծանուցվել, խոսքը դատավարական պատշաճ ընթացակարգը նիստերի դահլիճում պահպանված չլինելու մասին է։

«Այն պահից սկսած, երբ ես հասկացել եմ, որ դատարանն ընկալել է, թե ո՞րն է պատշաճ դատավարական ընթացակարգը, ներկայացել եմ»,- ասել է Հովհաննես Խուդոյանը։

Արամ Վարդևանյանն իր չներկայանալն, ի թիվս այլ պատճառաբանությունների, հիմնավորել է նրանով, որ մինչև իր չներկայանալը երկու անգամ դատական նիստերին դատարանն իրեն զրկել է արտահայտվելու իրավունքից։ Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ դատական նիստերի դահլիճում չի պահպանվում կողմերի հավասարության սկզբունքը։ Գևորգյանի մյուս պաշտպան Վարդգես Գևորգյանը նշել է, որ իր բացակայելը ևս դժգոհություն արտահայտելու ձև է եղել։

«Դատարանն ինքը պիտի մտածի՝ այսքան պաշտպան ինչո՞ւ չի ներկայացել», - ասել է Վարդգես Գևորգյանը։

Դատարանն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ պաշտպանները չարամտորեն չեն կատարել իրենց պարտականությունները և նկատողության տեսքով սանկցիա է կիրառել նրանց նկատմամբ։