Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:

Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները և հասարակության, քաղաքական գործիչների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման կարևորության վրա:

Ծխախոտ չօգտագործելու, ճիշտ սնվելու, ինֆեկցիոն հիվանդությունները վաղաժամ կանխարգելելու և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու դեպքում կարելի է կանխել քաղցկեղի դեպքերի 40 տոկոսը: Ծխախոտի գործածությունը աշխարհում քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ է համարվում:

Ամեն տարի բժշկությունը կատարելագործվում է, և բժշկագիտության զարգացումը կարող է իրականություն դարձնել ամենաանհավանական թվացող բուժման մեթոդները, մինչ այդ խորհուրդ ենք տալիս չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները և վարել առողջ ու ակտիվ կենսակերպ: