Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի նոր աճուրդը կկայանա փետրվարի 21-ին՝ գինը նվազել է 5%-ով, ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Գրում է Հայկական ժամանակ-ը։

Հյուրանոցն աճուրդի հանելու մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Առաջինը նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, բայց այն չէր կայացել՝ գնորդ չէր հայտնվել:

Բաբայանի խոսքով՝ սպասվող աճուրդին մասնակցելու համար հետաքրքրվողներ կան:

«Այս անգամ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ՝ 5 տոկոս պակաս նախորդից: Եթե այս դեպքում էլ աճուրդը չկայանա, ապա դարձյալ 5 տոկոսի չափով պետք է մեկնարկային գինը նվազի՝ ըստ կարգի»,- ասել է կոմիտեի նախագահը:

Նախորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ էր: