ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի` Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է․

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու ընթացակարգերը, առհասարակ քրեական հետապնդումը, որի միակ նպատակն է եղել Ռ․ Քոչարյանին կալանավորելը, ընթացել են խտրական, տարբերակված եղանակով, ինչն էլ պայմանավորված է եղել բացառապես նրա քաղաքական ընդդիմադիր հայացքներով։ Նախկին նախագահի նկատմամբ դրսևորվել է տարբերակված, խտրական վերաբերմունք՝ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների շրջանակում»։

Պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծել է․

«2008թ-ի մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։

Ա․ Օրբելյանի խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռ․ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Ա․ Օրբելյանը խնդրել է դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը։