Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրության շնորհանդեսը:

Այս մասին ավելի մանրամասն նշվում է թանգարանի տնօրենի Մարինե Բունիթայանի ֆեյսբուքյան էջում․

«Օրբելիների տաղանդն ու շնորհը անսպառ է ու անգերազանցելի և ի՜նչ բարեբախտություն է, որ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը գտնվում է հուսալի ու անսահման նվիրյալ մարդկանց ձեռքերում: Նրանք հաճախ են կազմակերպում միջոցառումներ ու հանդիպումներ և իրենց հյուրերին վարակում սիրով… Այսօրվա շնորհանդեսը հարստացրեց ու փառավորեց բոլոր մասնակիցների հոգին, ու նրանք ավելի մոտ ու հարազատ կմնան մեր Մեծերի ժառանգությանը: Թող այս ցուցադրությունը ցանկալի լինի Օրբելիների տուն-թանգարանի յուրաքանչյուր այցելուի համար, դառնա ժամանակի շունչն ու ոգին… Թող միշտ բաց լինի թանգարանի հյուրընկալ դռները, աշխատակազմին երկար ու կանաչ ճանապարհ, բյուրավոր հաջողություններ, նրանք վաստակել ու արժանի են դրան»:

Նշենք, որ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Օրբելի եղբայրների փ. 12 հասցեում, որտեղ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։