Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է և հավանության արժանացել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի դեպքում սահմանված էր՝ ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ապա այժմ առաջարկվում է նման արգելանք սահմանել հանրային սննդի բոլոր վայրերում:

«Առաջարկում ենք նախագծից հանել կիսափակ հասկացությունը, քանի որ այն հստակեցման կարիք ուներ, և վարչարարության առումով կարող էին խնդիրներ առաջացնել։ Սակայն դրույթ է ավելացվել, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում արգելվի ծխախոտի օգտագործումը, որը և՛ վարչարարության, և՛ առողջապահական, և՛ տնտեսական առումով հիմնավորումներ ունի»,- հանձնաժողովի նիստին ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Հիշեցնենք, որ օրենքն ընդունվելու դեպքում գործելու է 2022թ-ի հունվարի մեկից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ փոփոխություններն արդյոք վերաբերում են հանրային սննդի բոլոր օբյեկտների՞ն՝ անկախ նրանից՝ այն բաց է, թե փակ: Փոխնախարարը դրական պատասխան է տվել:

«Կիսափակ եզրույթն առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծով օգտագործում էինք բոլոր տարածքների համար: Եվ բացի հանրային սննդի օբյեկտներից մի շարք տարածքներ ևս ընկնում էին այս դրույթի տակ: Մի շարք խնդիրներ էին բարձրաձայնվել: Հանրային սննդի օբյեկտների տնօրենների կողմից հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է այն հարցը, որ չպետք է տարանջատում սահմանվի փակ կամ բաց ռեստորանների, սրճարանների միջև, քանի որ կարող է տնտեսական վատ ազդեցություն ունենալ հանրային սննդի փակ օբյեկտների վրա, եթե արգելքը սահմանվի միայն փակ տարածքների վրա»,- ասել է Նանուշյանը:

Խորհրդարանն այս օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է դեկտեմբերի 10-ին: