Չեչենական լրատվամիջոցները հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը վճարել է Ստավրոպոլում ապրող հայ երեխայի` Խաչատուր Խաչատրյանի վիրահատության համար:

Ամբողջ աշխարհում բնական երևույթ է, երբ մարդիկ, ովքեր հարստացել են անօրեն ճանապարհով, ժողովրդի շնորհիվ, գումարներ են փոխանցում որոշակի հիմնադրամների, կամ կարիքավոր մարդկանց կրթական, առողջապահական կամ բնակարանային խնդիրների լուծման համար։ Նմանատիպ մարդիկ՝ միլիոնատերերը, ովքեր հարստացել են հանկարծակի և ոչ իրենց արդար քրտինքով, չնայած իրենց հարստությանը, փոքրոգի են, ունեն չունևորի նույն հոգեբանությունը։

Նրանցից շատերի առօրյան անցնում է իրենց հարստությունը ցուցադրելով, ոչ թե որևէ խելամիտ,բարի նպատակի համար օգտագործելով։ Իսկ Խաչատուր Խաչատրյանի նման երեխաների համար չկան համապատասխան կառույցներ, հիմնադրամներ, որոնք կարող են օգնություն տրամադրել։

Չկա՞ն հայ մեծահարուստներ Ռուսաստանում, որ հայ երեխայի համար վճարել է Ռամզան Կադիրովը, թե՞ միայն այդ մեծահարուստները Հայաստանում մոլեր և կազինոներ, հանքավայրեր կամ փող լվանալու համար են:

Նշենք, որ աշխարհի ամենահարուստ հայն ապրում է Ռուսաստանում, նա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: ՌԴ-ում են ապրում նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները:

Ներկայացված հայերն աշխարհի խոշորագույն միլիարդատերերից են, իսկ միլիոնատեր հայեր՝ ինչքան ուզեք, անգամ Հայաստանում 4 միլիարդատեր կա, իսկ հայ երեխայի բուժման համար վճարել է Ռամզան Կադիրովը: