ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը թողնում է փոխնախարարի պաշտոնը:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, անծանոթներ, բարի կամեցողներ, համաքաղաքացիներ,

Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն:

Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակվեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն։

Միջազգային համագործակցության մասով` այս ընթացքում հասկացա, որ եթե երկրի ներկայացուցիչը խելացի է և կարողանում է անկեղծ խոսել խնդիրներից ու համագործակցության ծրագրեր ներկայացնել, ապա գործընկերների պակաս չի լինի. հույս ունեմ այստեղ էլ նույն ռիթմով կշարունակվի ու, քանի որ սա հաշվետվության հայտարարություն չի, այլ սովորելուս մասին ընդգրկուն հրապարակում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և խնդրել, որ շարունակեն իրենց աջակցությունը կառավարության նախաձեռնություններին, իսկ թե կան ընկերներ կամ գործընկերներ, ում պատահաբար վրդովեցրել եմ, ապա այսօր սիրով հրավիրում եմ «Բարով մնաք» երեկոյին»։