Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտվել՝ «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը ձերբակալվել է:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ տվյալներ կան, որ ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային 2 տեսուչ, 2020թ-ի հունվարի 25-ին ընդունել են բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը՝ համաձայնության գալով առանձնապես խոշոր չափի՝ 1,436,610 դրամին համարժեք $3000 կաշառք ստանալու դիմաց: Արդյունքում, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց է թողնվել այդ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող մոտ 4.5 տ ընդհանուր քաշով բեռը:

Այսպիսով ՊԵԿ աշխատողները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ մաքսային ստուգման չենթարկելով փետրվարի 6-ին վաղ առավոտյան Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած բեռնատարը։

Ընդհակառակը՝ մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որը $200-ի դիմաց «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների և մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը:

Բերման ենթարկելուց հետո մաքսավորներից մեկը խոստովանել է հանցագործությունը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: