Փետրվարի 5-ի լուսադեմին քամուց պոկված ու վթարված Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրի տանիքի վերականգնման աշխատանքները կսկսվեն մոտ ապագայում, երբ թույլ կտան եղանակային պայմանները: Այս մասին հայտնում են Գուգարաց թեմի դիվանից։

Նկատի ունենալով ուխտավորների անդադար հոսքը դեպի նշանավոր սրբատեղի՝ Գուգարաց թեմը հանձն է առել կատարել սրբավայրի ծածկի հիմնանորոգությունը:

Այս կապակցությամբ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտնել է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության ճարտարապետների և կոնստրուկտորների ցուցումով պիտի գտնենք հիմնական լուծումներ ու վերակառուցենք սրբավայրի տանիքը: Այս անգամ վերանորոգումը կլինի ամբողջական և հիմնավոր»:

Անցյալում ևս մի քանի անգամ քամուց տանիքը վնասվել է, վառվող մոմերի բռնկումից էլ մի քանի անգամ այն հրդհվել է, այրվել են նաև սրբապատկերները:

Սրբազան մատուռը մշտապես վերականգնվել է բարեպաշտ անհատների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, առանց մասնագիտական միջամտության և ուղղորդման:

Սրբավայրի անհրաժեշտ այս վերանորոգման համար Սեպուհ Սրբազանի լոսանջելոսաբնակ մտերիմներն ու բարեկամները արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց նյութական աջակցությունը ցուցաբերելու: