ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու վերաբերյալ հրամանագիրը։

Հրամանագրից բացի, նախագահի կայքում հրապարակվել է նախագահի գործառույթների մասին հատուկ պարզաբանում։ Այնտեղ նշվում է, որ ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

«Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», - ասվում է պարզաբանման մեջ: