Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Գրում է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել էր, որ 5 դեպքով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս, ըստ ԱԱԾ-ի, Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը:

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը բավարարվել է, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել։

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Վահագն Վերմիշյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ»։

Ջոն Ֆարխոյանն անցնում է նույն գործով։