Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման։ Նրանք նշում են, թե ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:

Բնակիչները պետությանն են վաճառել նաև իրենց պատկանող ավտոտնակները, նրանք նշեցին՝ խնդիր չեն տեսնում, որ դրանք պետք է քանդվեն.

«Ոչ ոք չի ասում, թե խնդիրն ավտոտնակներն են: Ներկայացված մուտքերն անհաջող են, դրանց անվտանգություններն ապահովված չեն: Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության և հարմարավետության հարցն ենք քննարկում»,- ասել է բնակիչներից մեկը։ Գրում է tert.am-ը։

Բնակիչներն ասացին նաև, որ ավտոճանապարհը պետք է նվազագույնը 12 մետր հեռավորություն ունենա բազմաբնակարան շենքի մուտքից, բայց իրենց խոսքով՝ ըստ նախագծի՝ այդպես չէ:

Մինչ քաղաքացիները դժգոհում էին, շինարարական աշխատանքներն սկսեցին, քանդեցին ավտոտնակները, սակայն բնակիչներից մեկն ասաց, թե չի թողնելու իր ավտոտնակը քանդել, որովհետև դրա դիմաց ամբողջական փոխհատուցում չի ստացել: Քաղաքացու խոսքով՝ պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաև 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաև որպես արհեստանոց է ծառայել: