Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է, որից հետո թատրոնի անձնակազմը նշելու է Ղափլանյանի 95 և նրա անունը կրող թատրոնի 50-ամյա հոբելյաները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Այս շենքը եղել է մամուլի կոմիտեի նիստերի դահլիճը: 1968թ-ից մտել ենք այս շենք և այլևս դուրս չենք եկել: Եվ արդեն 50 տարի փորձում ենք այս շենքը թատրոնի շենք դարձնել: Մինչև օրս այստեղ չկա անգամ օդափոխություն»,- նշել է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Գրում է Պանորամա-ն։

Վերջին անգամ թատրոնը նորոգվել է շուրջ 20 տարի առաջ: Համայնքի ենթակայությամբ գործող դրամատիկականում, չդադարող փորձերին զուգահեռ, շինարարական աշխատանքներ են: 2019թ. Երևանի ավագանին հաստատել էր բյուջեի փոփոխված տարբերակը, որով էլ 157 մլն դրամ հատկացվել է թատրոնի վերանորոգմանն ու վերազինմանը:

Թատրոնի համար առաջնային խնդիրը օդափոխության համակարգի անցկացումն է՝ դահլիճում, փորձասենյակներում և հանդերձասենյակներում:

Շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով: Հարդարումից հետո դահլիճում և ամֆիթատրոնում կտեղադրվեն նոր բազկաթոռներ, կփոխվի բեմի վարագույրը, կթարմացվեն նաև միջանցքները:

Վերանորոգումից հետո հանդիսատեսին կդիմավորեն լուսային ու ձայնային նոր հնարավորությունները:

Ներկայացման ժամանակ բոլոր լույսերը կմիանան, կփոփոխվեն ու կանջատվեն լույսերի կառավարման՝ Հայաստանում առաջին ու առայժմ միակ այս համակարգով: Ձեռքի ընդամենը մեկ սեղմում, և ներկայացման ամբողջ ընթացքում լուսային ձևավորումը կապահովվի նախապես որոշված ծրագրով: Թվային նոր համակարգով կաշխատեն նաև հնչունային մասնագետները:

Վերազինման ծրագրով նոր տեխնիկայով է հագեցել նաև թատրոնի լուսանկարչական ստուդիան: Թատրոնի ամբողջ տարածքը կունենա տեսահսկման նոր համակարգ:
Դրամատիկականի խաղացանկում կա 20 անուն ներկայացում: Նորոգումից հետո թատրոնը հանդիսատեսին կդիմավորի նոր ներկայացումներով՝ դառնալով քաղաքի մշակութային զարկերակներից մեկը:

Աշխատանքներն ավարտվելուց հետո դրամատիկականի արդեն նախկին, բայց պիտանի սարքավորումներն ու գույքը կհանձնվեն «Մ. Մկրտչյան արտիստական» թատրոնին: