«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել` հեռացնելով նորածնի քաշի 1/3-ը կազմող գոյացությունը։ Աղջնակին երկրորդ կյանք պարգևած բժշկն իր պրակտիկայում նորածինների մոտ նման չափերի ուռուցք դեռ չէր հանդիպել։

ԲԿ-ից մանրամասնում են, որ հունվարի 2-ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։

ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնել է` իր պրակտիկայում նորածինների շրջանում նման քաշով ուռուցք դեռ չէր հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո բժիշկները որոշել են վիրահատել ու հեռացնել այն։

Հազվադեպ հանդիպող գոյացությունը սկսվում էր ուղիղ աղիքից (հետանցքի շրջանից)։ Ըստ բժշկի՝ այն հեռացնելու ժամանակ բավականին մեծ վտանգ կար աղիքը վնասելու։

«Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող է ընթացել։ Մեզ հաջողվեց առանց ֆունկցիոնալ խանգարումների վիրահատությունն իրականացնել», - ասել է Դալլաքյանը։

3.5 ժամ տևած վիրահատությունը երեխային երկրորդ կյանք է պարգևել։