Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպե՞ս է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ, իսկ ներկաները ձայնակցում և ծափահարում են նրան։ Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Ծափահարողների և ձայնակցողների մեջ է եղել նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։ Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, կոշտ արձագանքի է արժանացել որոշ ընդդիմադիր գործիչների կողմից։

Օրինակ՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը տուրիզմի նախարարի կնոջ պահվածքը դատապարտել է ոչ թե հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, այլ այն բանի համար, որ նա զվարճանում է այն ժամանակ, երբ արդեն հաղորդվել էր Վանում ձնահյուսի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին։

Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարաքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել է ստուգել եկեղեցու ակուստիկան: