Այսօր 20-րդ դարի մեծագույն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի 91 ամյակն է։

Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929թ-ին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939թ-ին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947թ-ին՝ Երևան։ 1944թ-ին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946թ-ից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։

1952թ-ին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953թ-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954թ-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955թ-ին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։

1956թ-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956թ-ին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958թ-ին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960թ-ին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961թ-ին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963թ-ին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։ 1964թ-ին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000թթ-ին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։

Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։

Նշենք, որ նրա որդին՝ Էդուարդ Ազարյանը, նույնպես մարմնամարզիկ է՝ օլիմպիական չեմպիոն։