Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում։

«Ես վերականգնվել եմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է՝ ես շահել էի դատը, որից հետո նախարարությունը դիմել էր վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Օրբելյանը:

Նա նշել է, որ պետք է շարունակեն աշխատել ընթացիկ նախագծերի վրա, անել պրեմիերաներ: Օրբելյանը հույս ունի, որ բոլոր ծրագրերը կկարողանան կյանքի կոչել։ Նշենք, որ նրա՝ տնօրենի պաշտոնում մնալու պայմանագիրը լրանում է օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ արդեն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա պահանջն էր՝ անվավեր ճանաչել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, վերականգնել աշխատանքի և վճարել պարապուրդի գումարը։ Դատարանը բավարարել էր Օրբելյանի պահանջները: ԿԳՄՍ նախարարը վիճարկել էր հենց այդ որոշումը: