Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 274 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։

2012թ-ից Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ղեկավարող Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում իր նախկին պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցները հափշտակելու համար։ Միքայել Ղարաքեշիշյանը, մինչև քաղաքապետ ընտրվելը, 4 տարի ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը։ Ըստ «Հետք»-ի՝ հենց այդ ժամանակ էլ իր ենթակաների և «Հայփոստ»-ի աշխատակիցների հետ ձևական անձանց ներառել են նպաստառուների ցանկում և ելքագրել են այդ անձանց անուններով ձևակերպված գումարները։

Ղարաքեշիշյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը հաստատել է, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Միքայել Ղարաքեշիշյանին։ Ավելին, դատարան միջնորդություն է ներկայացվել, որպեսզի քաղաքապետը կալանավորվի, սակայն դատարանը չի բավարարել քննիչի միջնորդությունը։ Միքայել Ղարաքեշիշյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին։ ՔԿ հանրային կապերի պատասխանատուն այլ մանրամասներ չի հայտնել։ Գրում է «Հետք»-ը։

Ավելի վաղ «Հետք»-ը հայտնել էր, որ նույն եղանակով, բայց արդեն 500 միլիոն դրամ հափշտակելու համար մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Ստեփանավանի քաղաքապետի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Նրա հետ նույն քրեական գործով անցած և համաներմամբ քրեական պատասխանատվությունից խուսափած Հրաչյա Սուքիասյանին Ստեփանավանի քաղաքապետը պաշտոն էր տվել։ «Հետքի» հրապարակումից հետո Սուքիասյանը պաշտոնանկ է արվել։

Բացի այդ, Միքայել Ղարաքեշիշյանն անցնում է նաև ՔԿ-ում քննվող քրեական մեկ այլ գործով։ Ոստիկանությունը նախորդ տարի հայտարարեց քաղաքապետի մի քանի դրվագով կատարած ապօրինությունների մասին։