Երևանում անցկացվել են Ալեքսանդր Սերգեյևիչ Գրիբոյեդովի հիշատակին նվիրված միջոցառումներ։

Փետրվարի 11-ին ռուս դիվանագետ և դրամատուրգ Ա.Ս. Գրիբոյեդովի հիշատակի օրը Երևանում անցկացված միջոցառումը սկսվել է սիրված դիվանագետի և բանաստեղծի հուշարձանի մոտ ծաղիկների խոնարհումով, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ընթերցվել են ռուսերեն և հայերեն լեզուներով «Խելքից Պատուհաս» կատակերգությունից դրվագներ: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Միջոցառումն ընթացել է Երևանում Ռուսական Գիտության և Մշակույթի կենտրոնի և Ա.Ս. Գրիբոյեդովի "Խմելիտա"պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի հետ համատեղ ջանքերով: Միջոցառումները շարունակվել են Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Բրյուսովի գիտական կենտրոնում: Այստեղ տեղի է՝ ունեցել «Վ. Յ. Բրյուսովան միտքն ու գործերն անմահ են....» կլոր-սեղան քննարկում ու կազմակերպվել շրջայց Բրյուսովի թանգարանում։ Բացումն իրականացրել է, ինչպես նաև էքսկուրսիան վարել Բրյուսովի գիտական կենտրոնի ղեկավար Աննա Չուլյանը:

Այնուհետև ներկայացվել է Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի շնորհանդեսը, որը վարել է թանգարանի տնօրեն Նադեժդա Կուլակովան:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ալեսանդր Գրիբոյեդովի 225-ամյակի կապակցությամբ տարբեր քաղաքներում և երկրներում ծաղիկներ են խոնարհվել սիրված գրողի և դիվանագետի հուշարձանին: «Գրիբոյեդովի տարին» ակցիային աջակցել են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Երևանը, Թբիլիսին, Թեհրանը:

Ընդգծենք, որ 2020թ-ը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի գրականագետների, բուհերի և դպրոցների դասախոսների, դիվանագետների, տարբեր կազմակերպությունների հանրությունների կողմից հռչակվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի միջազգային տարի:

Ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը ծնվել է 1795թ-ին Մոսկվայում ազնվական և ապահովված ընտանիքում։ Նրա նախահայր Յան Գրժիբովսկին (լեհերեն Jan Grzybowski ) տասնյոթերորդ դարի սկզբում Լեհաստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Հեղինակի ազգանունը՝ Գրիբոյեդով, Գրժիբովսկի ազգանվան յուրօրինակ թարգմանությունն է։ Ալեքսեյ Միխայիլովիչի թագավորության օրոք այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչ Ֆյոդոր Ակիմի Գրիբոյեդովը դպիր էր, 1649թ-ի հանրահայտ օրենսգրքի հինգ կազմողներից մեկը։ Գրողի հայրը պաշտոնաթող սեկունդ-մայոր Սերգեյ Իվանովիչ Գրիբոյեդովն է, մայրը՝ Անաստասիա Ֆյոդորովնան։ 1828թ. փետրվարի 10-ին Ալեքսանդր Գրիբոյեդովը մասնակցել է ռուս պարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը։

1828թ. ապրիլի 25-ին Գրիբոյեդովը Թեհրանում նշանակվել է լիազոր-մինիստր: 1829թ. հունվարի 30-ին շահական Պարսկաստանի ռեակցիոն շրջանների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվում և սպանում է Թեհրանի ռուսական դեսպանատան 54 աշխատողներին, այդ թվում նաև Գրիբոյեդովին: Թիֆլիսի ճանապարհին՝ Դվալի (այժմ Պուշկինի) լեռնանցքում, ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներին: Նշենք, որ այդ հանդիպման վայրում կանգնեցված է աղբյուր-հուշարձան:

Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել նրա հիշատակին:

Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» բազմիցս բեմադրվել է հայկական թատրոններում: Երևանում 1975թ. կանգնեցվել է նրա արձանը: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում նրա անվան փողոցներ և դպրոցներ կան: Այս կապակցությամբ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Իրանում և այլ երկրներում կանցկացվեն միջոցառումներ՝ Գրիբոյեդովին: