Հայաստանի ազգային պատկերասրահում Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի ստեղծագործությունների ցուցադրության մասին լուրը տարածվեց վերջերս՝ լույսի արագությամբ։ Եվ շատերը անհամբեր սպասում են այդ իրադարձությանը։

20-րդ դարի ամենաճանաչված կուբիստն ու սյուրռեալիստը վերջին տարիներին հաճախ են միասին ճանապարհորդում։ Իսպանացի նկարիչների աշխատանքները ռուսաստանցի բիզնեսմեն, «Ազգերի արվեստ» («Искусство Наций» ) հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են։ Այս փաստին անդրադարձել է «Մեդիամաքս»-ը։

Որպես շրջիկ ցուցահանդես՝ Դալիի և Պիկասոյի գործերը ներկայացվել են տարբեր երկրներում։ Մարտի 7-ին դրանք կհասնեն Հայաստան։

Ազգային պատկերասրահը ցուցահանդեսն իրականացնում է «Մոսկվայի տան» հետ համատեղ՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի շուրջ 300 աշխատանք է ցուցադրվելու՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ու գրաֆիկական աշխատանքներ։ Սալվադոր Դալին և Պաբլո Պիկասոն Հայաստանում կմնան երկու ամիս։

Ազգային պատկերասրահը շուտով կսկսի գովազդային արշավը։ Հոլովակ են պատրաստում, ինչպես նաև՝ ազդագիր։ Այն տարբերվելու է Մոսկվայի ու Մինսկի ցուցահանդեսների ազդագրից։