«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

«Գործող իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել արդարադատության համակարգը սահմանադրականության տիրույթ բերելու, դրա համատեքստում ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու համար։ Նրանք հանցագործներ չեն, իրականացրել են ապստամբության իրենց բնական իրավունքը, որը յուրաքանչյուր քաղաքացու նաև բարոյական իրավունքն է։ Ապստամբներն անպարտ են օրենքի առաջ և նրանք պետք է ազատ արձակվեն»,- հայտարարում են «Սասնա ծռերի» աջակիցները՝ գոռալով՝ «ազատություն, ազատություն»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։