ՀՀ ճանապարհներին ձնաբքով պայմանավորված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որոշել է հետաձգել զինվորների երդման արարողությունը: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստում, որի նպատակն էր քննարկել ձնաբքի պատճառով ճանապարհներին առաջացած մեքենաների կուտակումները:

Շատերն արդեն իրազեկված են, որ տվյալ ճանապարհներն անանցանելի են, բայց քաղաքացիների մի մասը որոշել է շարունակել ճանապարհը:

Փետրվարի 11-ի երեկոյան ժամերից սկսած մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհը։ Մեքենաների կուտակումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ զինվորների ծնողները գնում են մասնակցելու երդման արարողությանը:

Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ հանրությանը պետք է հորդորել՝ պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների լավացումից և ճանապարհների անցանելի դառնալուց հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ։

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ՏԻՄ ներկայացուցիչները տեղերում շրջայցեր կկատարեն և պատրաստ կլինեն հոգալու այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։