Քաղաքացիներից մեկը երեկ ահազանգել էր, որ ժամկետանց ապրանք է նկատել՝ կրկնակի պիտակով, որի վրա փակցված է եղել պիտանելիության բոլորովին այլ, նոր ժամկետ: Խոսքը վերաբերում է «Mauxion» ընկերության «Coeur De Rose» կոնֆետների հավաքածուին: Քանի որ ապրանքը նվեր էր, չստացվեց պարզել, թե որ խանութից և երբ է այն ձեռք բերվել: Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

«Coeur De Rose» կոնֆետների օրիգինալ մակնշման մեջ գրված է, որ ապրանքը պիտանի է 14.08.2018-ից մինչև 13.08.2019թ.ից: Կրկնապիտակի վրա թղթով օրիգինալ մակնշման վրա փակցված է եղել նոր ժամկետ, որով ապրանքի ժամկետը երկրարացվել է ևս մեկ տարով ՝ 10.09.2019-ից 10.09.2020թ: Կրկնապիտակի առկայությունը, օրենքի համաձայն, այս սննդամթերքը դարձնում է կեղծված. մակնշումը փոփոխվել է՝ առանց բաղադրության համապատասխան փոփոխության:

Կոնֆետները Հայաստան է ներկրում «Կոնվեկտ» ՓԲԸ-ն: Կոնֆետների արժեքը 2500 դրամ էր:

Ինչպես գրում է «Հետք»-ը՝ «Կոնվեկտ» ընկերությանը տեղեկացվել է հարցի մասին՝ խնդրելով պարզաբանել: Աշխատակիցներից մեկը ևս մի նման դեպք հիշել է, սակայն ասել է, որ իրենք ժամկետի փոփոխություն երբևէ չեն արել:

Ընկերության վաճառքի գծով տնօրենը՝ Դավիթը զրույցում նշել է, որ դա հաստատ իրենցը չէ, քանի որ եթե կրկնապիտակ փակցնեին, ապա ամսական ժամկետանց ապրանքի «միլիոններով» հետկանչ չէին ունենա: