Հանրապետության տարածքում փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-ին առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Իշխանասար գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքներում առկա է բուք:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ և Տիգրանաշեն գյուղերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս, Սպիտակ քաղաքներում և Իշխանասար գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: