Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել․ Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը դարձել են ոսկե, իսկ Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթանակ տոնել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն։

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել է թուրք Ջենկ Իլդեմին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության է մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին՝ 8:1:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալի համար մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 5։5 հաշվով, սակայն հաղթանակը տրվել է Գևորգ Ղարիբյանին, քանի որ նա 4 միավորանոց հնարք է կատարել։

Ղարիբյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ավգուստին Բոյանով Սպասովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մուրադ Բազարովին, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով առավելության է հասել Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայգիսալուի նկատմամբ:

Կարեն Ասլանյանը (67 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ երրորդ տեղի համար պայքարում 7։5 հաշվով հաղթելով Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզային։ Ասլանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Շոտաձեին, քառորդ եզրափակչում 10:1 հաշվով առավելության է հասել սերբ Մատե Նեմեշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին՝ 3:4:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Կարապետ Չալյանը (77 կգ)։