Հայաստանի Ազգային Գրադարանում տեղի է ունեցել ցերեկույթ նվիրված հայ մեծանուն պոետին ու մտավորականին։

Այս տարի նշվում է սիրված հայ պոետ ու մտավորական Վահան Տերյանի ծննդյան 135 ու մահվան 100-րդ տարելիցները: Կապված սրա հետ ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա ծննդավայրում ու արտերկրում տեղի են ունենալու մի շարք մշակութային ու կրթական ցերեկույթներ ու գրական հանդիպումներ:

Միջոցառումը կազմակերպվել էր գրքասեր ու ընթերցասեր հասարակության կողմից, Հայաստանի Ազգային գրադարանում: Այնտեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, գրաքննադատներ, գրողներ, մշակութային ու հասարակական գործիչներ, գրականագետներ, պատմաբաններ։

Ցերեկույթը կազմակերպել էին փետրվարի 12-ին, Հայաստանի ազգային գրադարանը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Այն կրում էր «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» խորագիրն, որը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին և մահվան 100-ամյա տարելիցին: Միջոցառումից առաջ գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց գրականության, ամսագրերի և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն՝ «Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Տերյան Մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Առուշան Հակոբյանը, միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

Հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործությունները ներկայացրեցին սիրված մտավորականներ ու արվեստագետներ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, արտիստուհի Գրետա Մեջլումյանը, վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, Հանրապետական մրցույթների դափնեկիր ասմունքող Նարեկ Մարգարյանն, ինչպես նաև Վահան Տերյանի անվան դպրոցի սաները: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Միջոցառումը վարում էր սիրված հեռուստահաղորդավարուհի, Մովսես Խորենացի, Գարեգին Նժդեհ մեդալների մեդալակիր Կարինե Սարգսյանը, նա ժամանակ առ ժամանակ ընթերցում էր «Տերյան Մշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Առուշան Հակոբյանի վերջերս հրատարակած «Տերյանի հետ» ժողովածուից հատվածներ: Միջոցառման ավարտին Առուշան Հակոբյանը կրկին շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին նշեց, որ հուլիսի 25-ից «Տերյան Մշակութային կենտրոն» ՀԿ-ի կողմից տրվելու է սիրված պոետին նվիրված միջոցառումների մեկնարկը, որը կրելու է «Տերյանական օրեր» խորագիրը: