ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության այսօրվա նիստում ասել է․

«Քրեական պատասխանատվություն է նախատեսվում խաբեության կամ բռնության միջոցով անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն դրդելու կամ հարկադրելու համար»։

Նախարարը նշել է, որ այդ արարքները կպատժվեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով։

Ըստ նախարարի, ավելի խիստ պատիժներ են սահմանված, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով:

«Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: Իսկ եթե այդ արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատժվում են՝ ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Նախարարը վստահեցրել է՝ նախագծի նպատակն է ընտանիքի մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, ինչպես նաև երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։

Ներկայացված նախագիծը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց։