ՀԲՃ-ն բնապահպանության նախարարից հերքում է պահանջում՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում դատի կտա
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պահանջում է Facebook-ում գրավոր և ԱԺ-ում՝ բանավոր հերքել իր մասին արված հայտարարությունը:
Խոսքը, մասնավորապես, փետրվարի 12-ին Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանի՝ ՀԷԿ-երի վերաբերյալ հարցին տրված պատասխանի մասին է:
Պատգամավորը հայտնել է, թե նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին քննարկում լինի, և, եթե չլիներ Բնապահպանական ճակատի և մի քանի երիտասարդի ակտիվությունն ու այդ ինֆորմացիայի տարածումը, ոչ ոք չէր իմանա ու չէին մասնակցի այդ քննարկմանը:
Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ նմանատիպ տեքստեր գրվել են մի քանի տարի առաջ ևս:
«Այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաև երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի այդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան $70,000 դրամաշնորհ և առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»,- հայտարարել է նախարարը:
Ըստ ՀԲՃ հայտարարության՝ նախարարի խոսքերն «ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»: Հերքման պահանջը չկատարելու դեպքում նախաձեռնությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում զրպարտության և նախաձեռնության բարի համբավի արատավորման համար: