Աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ «Նայք» ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը թարգմանվել է հայերեն: Փետրվարի 15-ին, ժամը 15:00 «Դալմա Գարդեն մոլի» «Նայք» ընկերության խանութ-սրահում կկայանա գրքի շնորհանդեսը: Ոգեշնչող այս ստեղծագործությունը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Ռոզա Գրիգորյանը:

Հրատարակչությունից մանրամասնում են, որ «Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար: Իսկ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող Ուորեն Բաֆետն այսպես է արտահայտվել գրքի մասին.

«Նախորդ տարվա կարդացածս ամենալավ գիրքը Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ն է: Ֆիլը շատ իմաստուն, խելացի և մրցունակ անձնավորություն է. նա պատմելու շնորհ ունի»:

«…«Կոշկավաճառ»-ը 2016թ-ի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր և քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով և զոհողություններով: Ֆիլ Նայթը սակավ գործադիր տնօրեններին բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում»,-ասել է ամերիկացի բիզնես մագնատ, ծրագրավորող, բարերար, Մայքրոսոֆթի նախկին գործադիր տնօրեն է ներկայիս նախագահ Բիլ Գեյթսը: