«Կանազի» մշակույթի տան շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հայտարարել է, որ «Կանազի» մշակույթի տան շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն, և նշելել է, որ նոր բեմի ու մասնագետների անհրաժեշտություն է առաջացել:
«Բեմ ունենալը թանկ հաճույք է, բայց դա պետք է, որովհետև մեր քաղաքում, էլ չեմ խոսում հանրապետության մասին, գրեթե չունենք 21-րդ դարին համապատասխանող բեմ՝ լուսային, ձայնային ու բեմի շարժական հնարավորություններով»,- ասել է դերասանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։
Թոխատյանը նշել է, որ նախատեսված բեմի համար պատրաստի դերասան պետք է լինի՝ ուրիշ մտածելակերպով:
«Կոպիտ ասած՝ մենք մեզ համար ենք պատրաստելու դերասանների»,- նշել է նա:
Շինաշխատանքներն արդեն սկսվել են: Առաջինը պատրաստ կլինի դպրոցը, հետո՝ մնացածը: Դպրոցի ու թատրոնի ստեղծման աշխատանքներում պետական գումարներ չեն օգտագործվելու: Թոխատյանն ասել է, որ չեն էլ ակնկալում. շենքը ստացել են՝ բավական է:
Իսկ շենքը տրամադրվել է ներդրումային ծրագրի դիմաց՝ անհատույց: