Հանկարծամահ է եղել լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։

Ծնվել է 1962 թվականին Վրաստանում։ 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար։ Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Նշենք, որ նա ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Մոսկվայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում։ Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներով հանդես է եկել սահմանամերձ գյուղերում։

«Լուսանկարը բացիկ չէ, այլ՝ պատմություն, և այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ»,- ասել է Գերման Ավագյանը։