Աշխարհում ամեն րոպե ծնվում է 250 երեխա: Ցավոք, հղիության կամ ծննդաբերական բարդությունների հետևանքով ամեն օր ավելի քան 800 կին է մահանում (ՅՈՒՆԵՍԿՈ, 2017): Վերջին տասնամյակներին մայրական ու նորածնային մահացությունը համեմատաբար նվազել է, իսկ դրան նպաստող գործոններից մեկը, մասնագետների հավաստիացմամբ, ըստ անհրաժեշտության արված կեսարյան հատումն է:

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ժամանակ երեխան դուրս է բերվում՝ արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով: Եթե իսկապես կա բժշկական ցուցում, կեսարյան հատումը կյանք փրկող միջամտություն է համարվում: Իսկ առանց բժշկական ցուցման, այսինքն՝ ընտրովի արված կեսարյան հատումը ռիսկեր է պարունակում նորածնի և մոր համար: Դեռ 1985թ-ին միջազգային բժշկական հանրությունը պարզել էր, որ կեսարյան հատումների իդեալական ցուցանիշը 10-15 տոկոսն է:

Ըստ ԱՀԿ-ի՝ սա վիրահատությունների այն օպտիմալ քանակն է, որի դեպքում իսկապես կանխվում է մայրական կամ նորածնային մահացությունը, իսկ 15 տոկոսից բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ գործ ունենք կեսարյան հատման ոչ անհրաժեշտ կիրառության հետ: Ուստի ԱՀԿ-ն հրահանգում է չգերազանցել վիրահատությունների 10-15 տոկոսը: Չնայած այս նախազգուշացումներին՝ կեսարյան հատումների թիվն ամբողջ աշխարհում շարունակաբար աճում է: Որոշ երկրներում այս եղանակով ծնված երեխաներն արդեն ավելի շատ են, քան բնական ճանապարհով ծնվածները:

Հետազոտողները պարզել են, որ ընդհանուր դրդապատճառներին զուգահեռ՝ յուրաքանչյուր երկիր իր մշակույթից բխող շարժառիթներ ունի բնական ծննդաբերությունից խուսափելու համար: Օրինակ՝ Բրազիլիան, որտեղ կեսարյան հատումները կազմում են երկրի ծննդաբերությունների ընդհանուր թվի գրեթե 56 տոկոսը, հայտնի է կանացի մարմնի ու գեղեցկության պաշտամունքով: Կեսարյան հատումների 47 տոկոս ցուցանիշ արձանագրած Չինաստանի որոշ մասերում բնակչությունը խիստ սնահավատ է, կան երջանիկ ու դժբախտ թվեր, ուստի բազմաթիվ ծնողներ պլանավորում են կեսարյան հատում, որպեսզի կանխեն «դժբախտ օրերին» երեխայի հնարավոր ծնունդը:

Վիճակագրությունը մխիթարական չէ նաև մեր տարածաշրջանում: Վրաստանում 2017թ-ին կեսարյան հատումների թիվը 44,4 տոկոս է կազմել, որը երեք անգամ գերազանցում է ԱՀԿ հայտարարած թույլատրելի թիվը: Իրավիճակը բարելավելու նպատակով Վրաստանի կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկում, սակայն այս միջոցառումները դեռևս շոշափելի արդյունք չեն տալիս: Ավելին՝ վերջերս հարևան երկրի վեց բժշկական կենտրոն կեսարյան հատումները չարաշահելու պատճառով 600 հազար լարիի չափով տուգանվեց:

Համաշխարհային միտումներից հետ չի մնում նաև Հայաստանը․

ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հիշում է, որ կար ժամանակ, երբ կեսարյան հատումը «հարկադիր վայրէջքի» նման մի բան էր համարվում: Եվ իսկապես, 2000թ-ին մեր երկրում կեսարյան հատումները կազմել են ընդհանուր ծննդաբերությունների ընդամենը 7.2 տոկոսը: Սակայն մոտ երկու տասնամյակում՝ 2018թ-ին, այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 32.5 տոկոսի: Հատկանշական է, որ թեմայի շուրջ միասնական կարծիք գոյություն չունի, մի կողմից բժիշկ-գինեկոլոգները դժգոհում են, որ այսօր շատ կանայք իրենք են նախընտրում կեսարյան հատումը, քանի որ ֆիզիկական ու հոգեբանական ցավի մասին չափազանցված պատկերացումներ ունեն: Մյուս կողմից էլ բազմաթիվ կանայք պնդում են՝ բուժաշխատողները, ուռճացնելով բնական ծննդաբերության հնարավոր ռիսկերը, իրենց կողմնորոշել են կեսարյան հատման: Ըստ ԱՆ պաշտոնական մեկնաբանության՝ մեր երկրում կեսարյան հատումներն իրականացվում են միայն բժշկական ցուցումներով, սակայն բազմաթիվ ծննդաբերած կանայք խոստովանում են, որ իրենց ցանկությամբ են գնացել կեսարյան հատման: Գրում է «Հետք»-ը։