18 տարին չլրացած անձանց ծխախոտի իրացման մեջ ներգրավելու դեպքում տուգանքը կկազմի 150-200,000 դրամ։ Այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (ԱԱՏՄ):

Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակում են գտնվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), արտադրատեսակների նմանակների գովազդի, դրա իրացման մեջ մինչև 18 տարեկան անձանց ներգրավելու, վաճառասրահներում դրանք ցուցադրելու, հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելու արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները:

Մասնավորապես, ծխախոտի գովազդի համար սահմանվում է 750-800,000 դրամ, եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով կրկին սահմանվում է տուգանք՝ 750-800,000 դրամ։

2021թ-ի հունվարի 1-ից 150-200,000 դրամ տուգանք է սահմանվում նաև, եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։

Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ, ապա տուգանքը կկազմի 150-200,000 դրամ։

Բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակի չափով: