Այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել։

Ըստ որ նախարարի խոսքի՝ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն, փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում: Մայիսին բացակայությունների թիվը հաշվելիս այդ ընթացքի բացակայությունները կհանվեն։

Ա. Հարությունյանը հիշեցրել է, որ 120 բացակայության դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի։

«Շատ դեպքերում վերաքննությունից վախենալով, աշակերտը հիվանդ վիճակում է գալիս դասի, վարակում մյուս երեխաներին»,- որոշման պատճառը ներկայացրել է նա։

Նախարարն ասել է՝ մշտական կապի մեջ է առողջապահության նախարարի հետ, դասերը դադարեցնելու պատճառ չեն ունեցել, հիմա որոշակի կայունացում կա։

«Մենք հիմա հնարավորություն ենք ստեղծում, որ այդ ընթացքում սուր շնչառական հիվանդության պատճառով դպրոց չայցելած երեխաների բացակայությունները համարվեն հարգելի։ Մենք անցած շաբաթ բացակայությունների աճ չենք գրանցել»,- ասել է նախարարը` առողջություն մաղթելով դպրոցականներին։