Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը կոչով դիմում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

«ԿԳՍՄ նախարարությունը 2019թ-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխությունները օր առաջ պետք է արվեին։ Դեռ 2018թ-ին անձամբ մասնակցել եմ այդ կարգերում փոփոխություններ կատարելու գործընթացին, որոնք 2019թ․մարտի 27-ից ապրիլի 11-ը e-draft-ում դրվեցին քննարկման՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: Այս նախագծերում ես ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ, որոնք 26․04․2019թ-ին ուղարկել եմ անձամբ նախարարին, սակայն այդպես էլ չգիտեմ, թե ո՞ր առաջարկս ընդունվեց, որը՝ ոչ։

Մասնավորապես, առաջարկել եմ դպրոցի ծնողական խորհրդում դասարանական ծնողական խորհուրդը ներկայացվի ոչ թե մեկ՝ խորհրդի նախագահով, այլ 2-4 հոգով, որպեսզի անդամները սովորեն իրար լսել ու կոլեգիալ որոշումներ կայացնել։ Առաջարկս հիմնավորել եմ առկա կառավարման խորհուրդներում ծնողների ձևական մասնակցությամբ, երբ դպրոցի ծնողական խորհրդում յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահ, դառնում է ամբողջ դպրոցի ծնողական խորհրդի անդամ, իսկ դպրոցի ծնողական խորհուրդը փաստորեն ներկայացնում են դպրոցի դասարանների թվով ծնողներ։ Այդ ծնողները ոչ միայն չեն կարող ներկայացնել ամբողջ ծնողական համայնքի տեսակետը, այլև ակամա դառնում են տնօրենի ցանկացած ապօրինի որոշման հլու հնազանդ կատարողները՝ բացառելով բազմակարծությունն ու ցանկացած քննադատական տեսակետ։

Առաջարկել էի ընդհանրապես հանել ծնողխորհրդի նախագահի կարգավիճակը, որը չի ապահովում ծնողների մեջ մի՛շտ առկա բազմակարծությունը։ Ի վերջո «Հանրակրթության մասին» օրենքով ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝ 1) սովորողը, 2) սովորողի ծնողը ու նրանց մասնակցությունը դպրոցում կրթական գործընթացին պետք է պատշաճորեն ապահովվի, ոչ թե ձևականորեն։ Ի վերջո նրանք են դպրոցի շահառուները։

Սակայն e-draft-ում հանրային քննարկումներն ավարտվել են 2019թ․ ապրիլի 11-ին ու մինչ օրս անհայտ է դրանց թե՛ ճակատագիրը, թե՛ բովանդակությունը։ Ի՞նչ է կատարվում ԿԳՍՄ նախարարությունում, ինչո՞ւ են հապաղում այս կարևոր որոշումների փոփոխությունները կյանքի կոչել, մարդ չի հասկանում։ Այնինչ ծնողներն անընդհատ բարձրաձայնում են այս խնդիրների մասին։ Մասնավորապես, ս․թ․ հունվարի 21-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի 11 ծնողների ստորագրությամբ մի նամակ եմ ստացել, որտեղ նրանք պատմում են դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ տնօրենի թույլ տված կամայականությունների մասին։ Նույն օրն այն համապատասխան կից նամակով հասցեագրել եմ Կրթության տեսչական մարմնին, որի ղեկավար պարոն Շագաֆյանի հրամանով փետրվարի 3-5-ը դպրոցում իրականացվել է ստուգում՝ նամակում ներկայացված փաստերի իսկությունը պարզաբանելու նպատակով։ Նամակիս պատասխանն արդեն ստացել եմ, որտեղ մանրամասն նկարագրված է ստուգման ընթացքն ու արձանագրված խախտումները, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ, տնօրենին տրվել են հանձնարարականներ։ Արձանագրել են, որ դիմումում ներկայացված փաստարկները համապատասխանում են իրականությանը:

Դիմումը և ստուգման արդյունքներն ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզպետին՝ քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և ՀՀ կրթության տեսչական մարմնին տեղեկացնելու առաջարկությամբ: Կսպասենք Արմավիրի մարզպետի քայլերին, սակայն դրանք չեն լուծելու առկա անվստահությունը կառավարման խորհրդի նկատմամբ, քանի դեռ գործող կարգերը չեն փոխվում և կառավարման խորհուրդներում ո՛չ ծնողական համայնքի, ո՛չ մանկավարժական խորհրդի, ո՛չ լիազոր պետական մարմինների ներկայացուցիչները չեն գործում աշակերտների կրթության իրավունքի շահերից, որն է՝ օգնել ու պարտադրել տնօրենին դպրոցում ապահովել բարոյահոգեբանական այնպիսի բարենպաստ մթնոլորտ, որտեղ երեխաների համար սովորելը լինի ոչ թե պարտադրանք, այլ հաճելի անհրաժեշտություն։

ԿԳՍՄ նախարարությունը դանդաղում է ոչ միայն այս հարցում, հարգելիներս, ՔԱՅԼ ԱՐԵՔ»։

Անահիտ Բախշյան՝ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի և Հանրային խորհրդի անդամ

«Հ․Գ․ Հարգելի ծնողներ, ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը հոդվածում բարձրացված խնդրի շուրջ»։