Էջմիածնի համայնքապետարանը որոշել է կոշտ միջոցներ կիրառել աղբ թափողների նկատմամբ
Երևան-Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը հիշեցնում է ավտոմեքենաների ջարդոնի ընդունման կետի: Ճանապարհի գրեթե ամբողջ երկայնքով հավաքված են ջարդված ավտոմեքենաների «կմաղքներ», սակայն, նմանատիպ տեսարանների կարելի է հանդիպել նաև քաղաքի ներսում, օրինակ՝ Նարեկացի փողոցում և այլն:
Էջմիածնի համայնքապետարանը որոշել է կոշտ միջոցներ ձեռնարկել չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբ թափողների նկատմամբ: Համայնքապետարանում որոշել են տուգանել այն սուբյեկտներին, ովքեր երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր կթափեն չնախատեսված վայրերում:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ նմանատիպ դեպքերում, ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվում է 100.000-150.000 դրամի չափով տուգանք, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200.000-300.000 դրամի չափով:
«Քաղաքապետին վերապահված այս լիազորությունը այսուհետև խստորեն վերահսկվելու և կիրառվելու է Էջմիածնի համայնքապետարանի կողմից, քանի որ այս խնդրի վերացման հարցում բարոյախոսությունը այլևս սպառել է իրեն։ Հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանձնարարել է սահմանել պաշտոնատար անձանց նոր՝ ընդգրկուն ցանկ, որում ներառված աշխատակիցները լիազորված կլինեն, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, միջոցներ ձեռնարկելու ու տուգանք նշանակելու ուղղությամբ։ Աշխատանքները կատարվելու են փուլային եւ առաջին փուլում անդրադարձ է կատարվելու տրանսպորտային մեծ թափքերին եւ դրանց խոտանման ընթացքում առաջացած աղբին»,- տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից
Քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին խուսափել պատասխանատվությունից և ինքնակամ հեռացնել կուտակված աղբը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների թափքերը, խոտանման ընթացքում առաջացած աղբը։