Գեղեցկուհի Լուսիկ Քոշյանի բեմական ելույթները վերածվում էին իսկական ներկայացման
Լուսիկ Քոշյանի անունն այսօր քչերին է հայտնի։
Նա սկսել է իր կարիերան որպես հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի և փայլել է աշխարհի տարբեր բեմերում։
Ինչպես նշվում է Երևանյան պատմություններ ֆեյսբուքյան էջում՝ Քոշյանը հազիվ 17 տարեկան էր, երբ հայտնի խմբավար, ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանը նոր ավարտել էր Լենինգրադի կոնսերվատորիան, վերադարձել Հայաստան և հայտարարել ընդունելություն երգի-պարի անսամբլում։ Քոշյանը ներկայացավ՝ հուսալով, որ իրեն կներգրավեն պարային խմբում։ Սակայն Թաթուլ Ալթունյանը միանգամից հասկացավ, որ աղջկա գեղեցկությունը, համեստությունն ու նուրբ շարժուձևը բեմի վրա կդարձնեն նրան իսկական աստղ, և նա չսխալվեց։ Քոշյանը սկսեց կատարել ժողովրդական երգեր՝ զուգակցելով դրանք պարերի հետ, ինչն այդ ժամանակ նորություն էր։
Շուտով Լուսիկ Քոշյանը դառնում է Երևանի գեղեցկուհիներից մեկը։ Նա միշտ ուշադրության կենտրոնում էր. մարդիկ հետևում էին նրա հագուկապին, նրա պատվին անվանակոչում իրենց դստրերին, իսկ նրա բեմական ելույթները վերածվում էին իսկական ներկայացման. բացի ծաղիկներից երկրպագուները նրան բերում էին տուփերով կոնֆետներ, իսկ գյուղերում մարդիկ խմբվում էին գյուղի միակ հեռուստացույցի շուրջ և դիտում նրա համերգները։
Կապուտաչյա Քոշյանն ուներ հանդիսատեսին միանգամից զմայլելու զարմանալի կարողություն։ Դրա մասին է վկայում հետպատերազմյան տարիներին Լիբանանում նրա հաջողված համերգը, որի ընթացքում հայ հադիսատեսի մի մասը, զմայլվելով Քոշյանի երգարվեստով, խոստովանել է, որ վերջնական որոշում է կայացրել հայրենադարձվել Հայրենիք։