Հայ-լիբանանյան գործակցությունն ավելի զարգանալու և ավելի արդյունավետ դառնալու նպատակ ունի։ Այդ նատակով երկու կողմերն էլ աշխատանքներ են տանում։

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։ Փոխանցում է panorama-ն։

«Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը առիթ ստեղծեց գործնականացնելու նախապես ստորագրված համաձայնագրերը։ Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի՝ մարտի 12-ի այցը Լիբանան առավել գործնական քայլերի վրա կդնի համաձայնությունները։ Հայաստանում արդեն իսկ մեծ ներդրումներ կան լիբանանյան ընկերությունների կողմից։ Այսօր կփորձենք նաև հակառակն անել։ Ենթադրում եմ, որ Լիբանանի կառավարությունում և խորհրդարանում նախարարների և պատգամավորների ներկայությունը պետք է օգտակար լինի»,- ասաց նա։

Ավետիս Կիտանյանի խոսքով, չափազանց կարևոր է նաև, որ միջազգային հարթակներում երկու երկրները փոխադարձաբար պաշտպանեն միմյանց շահերը։

«Հարցերից մեկը վերաբերում է Արցախի հարցով Լիբանանի դիրքորոշմանը, մյուսը՝ Հայաստանի դիրքորոշումն Իսրայելի հետ Լիբանանի հարաբերություններում»,- ասաց Ավետիս Կիտանյանը։

Սիրիայի զբոսաշրջության նախարարը նկատեց, որ հայազգի նախարարներն իրենց շատ լավ են զգում լիբանանյան կառավարությունում։ Նրա խոսքով, Լիբանանում իրենք իրենց զգում են որպես լիբանանցի, սակայն իրենց հայկական ծագումը երբեք չեն մոռանում։

Ավետիս Կիտանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից Լիբանան այցելող զբոսաշրջիկների թիվը 2017թ․-ին գերազանցել է 11 հազարը, իսկ ահա Լիբանանից Հայաստան այլևս գալիս են ոչ միայն լիբանանահայերը, այլ մեր երկրով հետաքրքրված լիբանանցի բազմաթիվ զբոսաշրջիկներ։

«Լիբանանցիները Հայաստանը սիրում են Լիբանանում ապրող հայ համայնքի շնորհիվ։ Լիբանանի նախագահի համար Հայաստան այցը մեծ նշանակություն ունի։ Մեզ համար ևս այդպես է»,- իր խոսքն ամփոփեց հայազգի նախարարը։