Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները կնվազեն
Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները դարձյալ կնվազեն: Այդ մասին Ստեփանակերտում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները:
Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Արշակյանը նշել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019թ-ին գների նվազում եղել է, տեղեկացնում է Արցախպրես-ը։
«Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի 2020թ-ի համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա Արցախի բնակչությանը»,- ասել է նախարարը:
Հանդիպմանը քննարկել են նաև ռազմարդյունաբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Ըստ Արշակյանի՝ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն:
«Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների հնարավորություններին և քննարկել, թե ինչպե՞ս կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,- ասել է նախարարը: